Բաժին. Տնտեսական

ADIDAS-Ն ԱՊՐՈՒՄ Է ԼՈՒՐՋ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով սպորտային հագուստ և այլ պարագաներ արտադրող գերմանական Adidas ընկերությունը դուրս է գրել շուրջ 265 մլն եվրո (344,8 մլն ԱՄՆ դոլար): Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ամփոփ հաշվետվության մեջ՝ ֆինանսական կորուստը պայմանավորված է նախ և առաջ Reebok ապրանքային նշանի «բիզնեսային անհաջողություններով»:

Արդյունքում, 2012 թվականի չորրորդ եռամսյակում Adidas ընկերությունն, ընդհանուր առմամբ, կրել է 239 մլն եվրոյի վնաս: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն եռամսյակում Adidas-ն ապահովել էր 18 մլն եվրոյի շահույթ:

Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթն աճել է 4%-ով և կազմել 3,37 մլրդ եվրո:

Նշենք նաև, որ 2012 թվականի վերջին եռամսյակում գրանցված ֆինանսական վնասի պատճառով ամբողջ 2012 թվականի արդյունքներով Adidas-ի շահույթը կրճատվել է 3%-ով և կազմել 920 մլն եվրո: Հաշվետու տարում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 12%-ով և կազմել 14,88 մլրդ եվրո:

Հատկանշական է, որ չնայած Reebok-ի անհաջողություններին, Adidas-ը մտադիր չէ հրաժարվել այս բրենդից:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Adidas-ը հայտնվել է սկանդալային պատմության մեջ՝ Reebok բրենդի հետ կապված: Reebok-ի հնդկական մասնաճյուղի թոփ-մենեջերը մշակել և իրագործել էր կեղծ գործարք, որի արդյունքում Adidas-ը կրել էր 150-230 մլն ԱՄՆ դոլարի վնաս:

Adidas-ը Reebok բրենդը գնել էր 2005 թվականին՝ 3,8 մլրդ ԱՄՆ դոլարով:

Share