Բաժին. Տնտեսական

ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՄԵՐԺՎԵԼ Է

Երևանի ավագանու մարտի 19-ին գումարված նիստում անդրադարձ է կատարվել Իսահակյանի արձանի հարևանությամբ գետնանցումում գրքի վաճառք իրականացնողների հետագա գործունեության հարցին: Տեղեկացվել է, քաղաքապետարանի կողմից միանշանակ մերժվել է Երևանի Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի հարակից այգու տարածքում կրպակներ տեղադրելու առաջարկը:  

Հիշեցնենք, որ գրավաճառների հետագա ժամանակավոր գործունեության համար առաջարկվել է այլընտրանքային երկու տարածք՝ Ձկան խանութի հարևանությամբ կամ Մալիբու սրճարանի հարակից գետնանցումներում: Ընդ որում, նշվել է, որ նշված տարածքներում գործունեություն իրականացնելու համար կապահովվեն ոչ պակաս նպաստավոր պայմաններ:

Նշվել է նաև, որ նախկին տարածքի սեփականատերը պատրաստակամ է նորոգման աշխատանքների ավարտից հետո նույն տարածքում կրկին գրքի վաճառքի առևտուր կազմակերպել, ուստի գրավաճառները հետագայում հնարավորություն կունենան վերադառնալ նախկին տարածք:  

Քաղաքապետարանն առաջարկվել է նաև քննարկման համար ներկայացնել հնարավոր այլ տարածքների տարբերակներ:

Տնտեսվարողների կողմից առաջարկվող տարածքներից մեկը մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի շատրվանների հարակից հատվածն է, ինչը, քաղաքապետարանի գնահատմամբ, նպատակահարմար չէ, քանի որ մի քանի ամսից արդեն այդ տարածքում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվելու, և խնդիրը կրկին առաջանալու է: 

Տնտեսվարողները խոստացել են ընտրություն կատարել և այդ մասին տեղեկացնել:

Share