Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 8.0% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

2013 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 8.0% աճ, որը հիմնական ապահովել են արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ոլորտները:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երկու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16%-ով և կազմել 188,6 մլրդ ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 146,0 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 7.8%-ով, իսկ առևտրի շրջանառությունն, աճելով 6.7%-ով, կազմել է 258,0 մլրդ ՀՀ դրամ:

Հունվար-փետրվարին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 2.2%-ով և կազմել 36,0 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ոլորտում գրանցվել է 8% անկում. շինարարության  համախառն ծավալը կազմել է  18.0 մլրդ ՀՀ դրամ: 

Հունվարին, 2012 թվականի «տոնական» դեկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 50.6%-ով, իսկ փետրվարին, հունվարի համեմատ, գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.8 աճ:

Միևնույն ժամանակ, հունվարին, տարեկան կտրվածքով, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել էր 109.1%, իսկ փետրվարին՝ 106.9%:

Նշենք նաև, որ հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ում գնաճը կազմել է 2.8%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 109.8%:

Share