Բաժին. Տնտեսական

ԿԻՊՐՈՍԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՓՐԿՎԱԾ Է

Կարճաժամկետ հեռանկարում Կիպրոսին այլևս դեֆոլտ չի սպառնում: Միջազգային վարկատուների «եռյակը» (Եվրոպական կենտրոնական բանկ, Եվրահանձնաժողով, Արժույթի միջազգային հիմնադրամ) և Եվրոգոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել են Կիպրոսին 10 մլրդ եվրո ծավալով կայունացման վարկի տրամադրումը: Միևնույն ժամանակ, ընդունվել է նաև մեկ այլ կարևոր որոշում՝ Կիպրոսի երկրորդ խոշորագույն բանկի՝ Laiki Bank-ի (Ազգային բանկ) վերակազմավորման մասով:

Սպասվում է, որ Laiki Bank-ում պահվող այն հաշիվները, որոնք չեն գերազանցում 100 հազար եվրոն և ըստ Եվրամիության օրենսդրության՝ ապահովագրված են, կտեղափոխվեն Կիպրոսի բանկ: Մնացյալ հաշիվները, որոնք գերազանցում են 100 հազար եվրոն, ժամանակավորապես կսառեցվեն և կհարկվեն: Հարկման դրույքը, որոշ գնահատականներով, կարող է կազմել մինչև 40%: Այս որոշման կիրառման արդյունքում, ըստ սպասումների, հնարավոր կլինի ներգրավել մինչև 4,2  մլրդ եվրո:

Հատկանշական է, որ Կիպրոսի մյուս բանկերում պահվող հաշիվները չեն ենթարկվի հարկման:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին, Կիպրոսի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժել էր Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից «պարտադրվող» օրինագիծը, որը նախատեսում էր բանկային բոլոր ավանդների նկատմամբ հարկի կիրառում: Մասնավորապես, ենթադրվում էր, որ 100 հազար եվրոն գերազանցող բոլոր բանկային ավանդների դիմաց 9,9%, իսկ ավելի քիչ գումարով ավանդների դիմաց 6,75% 1-անգամյա հարկ կիրառելու դեպքում միայն Կիպրոսը կստանա 10 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն: Շատ վերլուծաբաններ ընդգծում էին, որ այս օրինագծի ընդունման պարագայում առավել շատ կտուժեին ռուս ավանդատուները: Այս հանգամանքով էլ պայմանավորված՝ Կիպրոսն իր «ֆինանսական ապագայի» հարցը փարձեց լուծել Ռուսաստանի օգնությամբ, սակայն բանակցությունները դրական արդյունք չտվեցին:  Ռուսաստանը որոշեց Կիպրոսի ֆինանսական խնդիրները լուծելու հարցը թողնել Եվրամիությանը:

Նշենք, որ Կիպրոսը Հունաստանից, Իռլանդիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից հետո Եվրոգոտու 5-րդ երկիրն է, որին անհրաժեշտ եղավ ֆինանսական օգնություն:

2012 թվականի վերջի դրությամբ Կիպրոսի արտաքին պարտքը կազմել է երկրի ՀՆԱ-ի շուրջ 71%-ը:

Share