Բաժին. Տնտեսական

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ՝ ՆՎԱԶԵԼ

2012 թվականին Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքը կազմել է 751,8 մլն ԱՄՆ դոլար, որից ուղղակի ներդրումները` 567,4 մլն ԱՄՆ դոլարը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ընդհանուր օտարերկրյա ներդրումները նվազել են շուրջ 8%-ով, իսկ ուղղակի ներդրումները՝ 10%-ով:

Հաշվետու տարվա կտրվածքով Ֆրանսիան մեր երկրի համար դարձել է օտարերկրյա ներդրումների ամենամեծ «աղբյուրը»: 2012 թվականին Հայաստանի տնտեսության իրական հատվածում ֆրանսիական ներդրումներն աճել են շուրջ 2,3 անգամ և կազմել 230,4 մլն ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ այս մեկ տարվա ընթացքում Ֆրանսիան Հայաստանում իրականացրել է բացառապես ուղղակի ներդրումներ:

Մեկ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների ծավալով երկրորդ տեղում Ռուսաստանն է, որը նախորդ տարվա համեմատ զգալի կրճատել է Հայաստան ուղղվող ներդրումները: Այսպես, 2012 թվականին Հայաստանում ռուսական ներդրումները կազմել են 122,7 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով շուրջ 69% անկում: Ընդ որում, միայն ուղղակի ներդրումները կրճատվել են 74%-ով և կազմել 88,2 մլն ԱՄՆ դոլար:

2012 թվականին Հայաստանի տնտեսությունում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալի մեծությամբ երրորդ տեղում Կանադան է՝ 106,6 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 3,4 անգամ:

Այսպիսով, 2012 թվականին Հայաստանի տնտեսության իրական հատվածում առավել մեծ ծավալներով ներդրումներ կատարած երեք երկրներին բաժին է ընկել ընդհանուր օտարերկրյա ներդրումների 60%-ը, ընդ որում՝ միայն Ֆրանսիային՝ 30%-ը, Ռուսաստանին՝ 16%-ը, Կանադային՝ 14%-ը:

Նշենք նաև, որ 2012 թվականին Հայաստանի տնտեսությունում Արգենտինայի ներդրումները կազմել են 54,5 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 2.8 անգամ, Գերմանիայի ներդրումները՝ 48,1 մլն ԱՄՆ դոլար (98% աճ), Շվեյցարիայի ներդրումները՝ 44,6 մլն ԱՄՆ դոլար (2,4 անգամ աճ):

Share