Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  կողմից ֆինանսավորվող Ձեռնարկությունների զարգացման և շուկաների մրցունակության ծրագրի և «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ-ի աջակցությամբ, արդեն իսկ մշակել է ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների ոլորտային ռազմավարությունները և դրանց իրականացումն ապահովող 2013-2015թթ. ծրագիրը: Ռազմավարությունները հավանության են արժանացել ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտային խորհրդի կողմից և առաջիկայում կներկայացվեն ՀՀ վարչապետին կից գործող արդյունաբերական խորհրդի հաստատմանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ ռազմավարությունների իրականացման հիմնական ուղղություններն են՝ Օրենսդրական բարեփոխումներ, Մատչելի հումքի ապահովում, Որակի ապահովում և վերահսկում, Մասնագիտական կրթության բարելավում և աշխատուժի վերապատրաստում, Ներդրումների և արտահանման ֆինանսական աջակցություն, Ոլորտի առաջմղում, Ազատ տնտեսական գոտիների ստեղծում և օտարերկրյա ընկերությունների ներգրավում:

Հատկանշական է, որ ազատ տնտեսական գոտու ստեղծման և դրանում օտարերկրյա ընկերությունների ներգրավման ռազմավարությամբ նախանշված միջոցառման իրականացումը նախատեսվում է իրականացնել Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի հետ, որն արդեն իսկ ձեռնամուխ է եղել ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքների իրագործմանը:

Էկոնոմիկայի նախարարությունում վստահ են, որ Հայաստանում ոսկերչական ազատ տնտեսական գոտւ ստեղծման ծրագիրը հնարավորություն կստեղծի վերածելու ոսկերչության և ակնագործության ոլորտները հզոր միջոցի` արտասահմանյան երկրներից եկամուտ ստանալու, նոր աշխատատեղեր ստեղծելու համար և տեխնոլոգիական նորամուծությունների շնորհիվ ապահովելու լուրջ առաջընթաց` միջազգային հարթակում Հայաստանը դարձնելով ոլորտի առանցքային դերակատարներից մեկը:

Share