Բաժին. Տնտեսական

ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ

2013 թվականի առաջին երկու ամսում Հայաստանի բանկային համակարգի միջոցով մեր երկրի քաղաքացիներին ոչ առևտրային նպատակներով արտերկրից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 186,6 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսֆերտներն աճել են շուրջ 10%-ով:  Ընդ որում, հաշվետու ամիսներին աճել են Ղազախստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից և Չինաստանից Հայաստան փոխանցված տրանսֆերտները: Միևնույն ժամանակ, կրճատվել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Իսպանիայից և Թուրքիայից ոչ առևտրային նպատակներով Հայաստան ուղարկված դրամական միջոցների ծավալները: Արդյունքում, այս 10 երկիրն ապահովել է Հայաստան փոխանցված տրանսֆերտների 92%-ը:

Ըստ ձևավորված ավանդույթի՝ տրանսֆերտների մեծ մասը բաժին է ընկել Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանին: Հունվար-փետրվարին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 150,4 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմել է հաշվետու ժամանակահատվածում Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 80%-ը:  

Ինչպես տեղեկացնոււմ են ՀՀ կենտրոնական բանկից` հունվար-փետրվարին մեր երկրի քաղաքացիները ոչ առևտրային նպատակներով ԱՄՆ-ից ստացել են 10,1 մլն ԱՄՆ դոլար: Հայաստան փոխանցված տրանսֆերտների ծավալով երրորդ տեղում Ղազախստանն է: Այս երկրից ստացվել է 3,0 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտ:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայից Հայաստան հոսած տրանսֆերտները կազմել են 2,2 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից՝ 1,9 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիայից՝ 1,7 մլն ԱՄՆ դոլար:  Մյուս երկրներից ստացված տրանսֆերտները չեն գերազանցել 1 մլն ԱՄՆ դոլարը: 

Հիշեցնենք, որ 2012 թվականին մեր երկրի քաղաքացիները ոչ առևտրային նպատակներով արտերկրից ստացել էին 1,687 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դրամական միջոցներ: 2011 թվականի համեմատ տրանսֆերտներն աճել էին 9%-ով:

Share