Բաժին. Տնտեսական

ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ Է

2013թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում գործարար ակտիվության ցուցանիշը (ԳԱՑ)  կազմել է 59.8 կետ, ինչը 0.8 տոկոսային կետով ցածր է նա­խորդ եռամսյակում գրանցված ցուցանիշից (60.6): ՀՀ կենտրոնական բանկի պարզաբանմամբ՝ ցուցանիշի անկումը վկա­յում է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղման մասին: Միևնույն ժամանակ, ԿԲ-ն ընդգծում է, որ պահպանվել են բոլոր ոլորտներում առկա լավատեսական տրամադրվածությունը:

Ակտիվության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 62.6, որը նա­խորդ եռամսյակի (56.9) համեմատ ավելացել է 5.7 տոկոսային կետով, ինչը վկայում է արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվության աճի տեմպի արագացման մասին:  Շինարարության ոլորտում գործարար ակտիվության ցուցանիշը կազմել է 57.6, որը նախորդ եռամսյակի (58.0) համեմատ նվազել է 0.4 տոկոսային կետով:  Մյուս ոլորտներում չնայած ակտիվության նկատմամբ լավատեսական տրամադրությունների առկայությանը՝ արձանագրվել են ակտիվության նվազման միտումներ: Առևտրի ոլորտում գործարար ակտիվության ցուցանիշը կազմել է 59.3, ծառայությունների ոլորտում՝ 59.4:

Միևնույն ժամանակ, հաշվետու եռամսյակում մեր երկրում գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) կազմել է 55.4 կետ, որը վկայում է գործարարների կողմից գործարար միջավայրի վերաբերյալ լավատեսական տրա­մադրվա­ծության մասին: ԳՄՑ-ը 5.7 տոկոսային կետով բարձր է նա­խորդ եռամսյակում գրանցված ցուցանիշից (49.7)՝ պայմանավորված բոլոր ոլորտների լավատեսական գնահատականներով: Գործարար միջավայրի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ծառայությունների ոլորտում (63.3), որը 9.9 տոկոսային կետով բարձր է նախորդ եռամսյակի ցուցանիշից (53.4): Արդյունաբերության ոլորտում գործարար միջավայրի ցուցանիշը կազմել է 54.8, շինարարության ոլորտում՝ 51.3, առևտրի ոլորտում՝  54.6:

Նշենք, որ գործարար ակտիվության և գործարար միջավայրի ցուցանիշները հաշվարկվում են գործարարների շրջանում իրականացվող հարցման պատասխանների փաստացի և սպասման արժեքների միջինացման միջոցով:

Գործարար ակտիվության փաստացի արժեքը հաշվարկվել է թողարկման ծավալների ընթացիկ, իսկ սպասման արժեքը` գալիք եռամսյակում թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա:

Գործարար միջավայրի փաստացի արժեքը հաշվարկվել է ընկերության տնտեսական վիճակը ընթացիկ, իսկ սպասման արժեքը գալիք եռամսյակում ընկերության տնտեսական վիճակի վերաբերյալ կազմակերպությունների սպասումների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա:

Ցուցանիշների հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: 

Share