Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ 8.7% ԱՃ

2013 թվականի հունվար-մարտ ամիսների արդյունքներով Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 8.7% աճ, որը հիմնական ապահովել են արդյունաբերության, ծառայությունների և առևտրի ոլորտները:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 15.8%-ով և կազմել 288,3 մլրդ ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 224.8 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 7.1%-ով,  իսկ առևտրի շրջանառությունն, աճելով 6.5%-ով, կազմել է 420,5 մլրդ ՀՀ դրամ:

Հունվար-մարտին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 2.3%-ով և կազմել 62,1 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ոլորտում շարունակում են պահպանվել ճգնաժամային միտումները. շինարարության համախառն ծավալը կազմել է 38,7 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 6,5% անկում:

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գնաճը կազմել է 3.0%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 107.4%:

Նշենք նաև, որ ըստ վերանայված տվյալների՝ ընթացիկ տարվա հունվարին, 2012 թվականի «տոնական» դեկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 50.2%-ով, փետրվարին, հունվարի համեմատ, գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.8 աճ, իսկ մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է տնտեսական ակտիվության 14.6% աճ:

Միևնույն ժամանակ, հունվարին, տարեկան կտրվածքով, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 109.4%,  փետրվարին՝ 108.8%, իսկ մարտին՝ 108.1%:

Share