Բաժին. Տնտեսական

ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 418,6 ՄԼՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ

2013 թվականի հունվար-մարտ ամիսներին համաշխարհային շուկայում վաճառվել է 418,6 մլն բջջային հեռախոս: Վաճառված հեռախոսների 51,6%-ը կազմել են սմարթֆոնները: Ինչպես հաղորդում է IDC-ն՝ հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով պատմության մեջ առաջին անգամ «խելացի» հեռախոսներն իրենց վաճառքի ծավալներով առաջ են անցել «սովորական» հեռախոսներից:

Նշենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով սմարթֆոններին բաժին էր ընկել բջջային հեռախոսների համաշխարհային շուկայի 36%-ը, իսկ նույն տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ 45,5%-ը:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աշխարհում սմարթֆոնների վաճառքի ծավալներն աճել են 41,6%-ով:

Վաճառքի ծավալների  «անսպասելի» աճ ապահովել են չինական Huawei և ZTE ընկերությունները, որոնք վաճառած սմարթֆոնների ցուցանիշով զբաղեցրել են 4-րդ և 5-րդ տեղերը:

Սմարթֆոնների համաշխարհային շուկայում առաջատարը  Samsung-ն է՝ 32,7% մասնաբաժնով, երկրորդ տեղում՝ Apple-ը (17,3%), երրորդ տեղում՝ LG-ն: Վերջինիս գրանցել է սմարթֆոնների վաճառքի ծավալի շուրջ 110% աճ:

Share