Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԽՈՇՈՐՆԵՐԻ ՄԵՆԱՇՆՈՐՀՆ Է

Հայաստանում մանրածախ առևտուրը շարունակում է կենտրոնացված մնալ խոշոր խաղացողների ձեռքում: Առևտրի ոլորտում գործող փոքր օբյեկտներն աստիճանաբար դուրս են մղվում շուկայից: Ըստ պաշտոնական վիճակագրության` ընթացիկ տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով Հայաստանում գործող 146 սուպերմարկետներին բաժին է ընկել խանութների միջոցով իրականացված մանրածախ առևտրի շրջանառության ընդհանուր ծավալի շուրջ 57%-ը: Սա այն պարագայում, երբ ոլորտում գործունեություն է ծավալում 10 հազար 970 սուբյեկտ։

Հատկանշական է, որ 2012 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում առևտրի ոլորտում գործունեություն էր ծավալել ավելի քան 12 հազար սուբյեկտ: Այս տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առավելապես կրճատվել է գերփոքր (մինչև 5 աշխատող ունեցող) խանութների թիվը: Այս ցուցանիշը պակասել է շուրջ 1000-ով:

Հարկ է նաև նշել, որ սուպերմարկետներն առավել իշխող դիրք ունեն մայրաքաղաքում: Հաշվետու եռամսյակի արդյունքներով սուպերմարկետներին բաժին է ընկել Երևանում խանութների միջոցով իրականացված մանրածախ առևտրի շրջանառության շուրջ 63%-ը:

Հունվար-մարտ ամիսներին մեր հանրապետությունում խանութների միջոցով իրականացված մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 188,3 մլրդ ՀՀ դրամ:

Share