Բաժին. Տնտեսական

ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում մեր երկրի բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակներով արտերկրից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 305,4 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսֆերտներն աճել են ավելի քան 10%-ով:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին աճել են Ռուսաստանից, Ղազախստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, Չինաստանից և Թուրքիայից Հայաստան փոխանցված տրանսֆերտները: Ընդ որում, առավել զգալի աճ գրանցել են Չինաստանը (շուրջ 4 անգամ) և Ղազախստանը (43%): Միևնույն ժամանակ, կրճատվել են ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Իսպանիայից ոչ առևտրային նպատակներով Հայաստան ուղարկված դրամական միջոցների ծավալները: Արդյունքում, այս 10 երկիրն ապահովել է Հայաստան փոխանցված տրանսֆերտների 92,5%-ը:

Ըստ ձևավորված ավանդույթի՝ տրանսֆերտների մեծ մասը բաժին է ընկել Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանին: Հունվար-մարտին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 246,7 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմել է հաշվետու ժամանակահատվածում Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 80%-ը:

Այս տարվա առաջին երեք ամսում մեր երկրի քաղաքացիները ոչ առևտրային նպատակներով ԱՄՆ-ից ստացել են 17,2 մլն ԱՄՆ դոլար:Հայաստան փոխանցված տրանսֆերտների ծավալով երրորդ տեղում Ղազախստանն է: Այս երկրից ստացվել է 5,4 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտ:

Ուկրաինայից Հայաստան հոսած տրանսֆերտները կազմել են 3,7 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիայից՝ 3,0 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից՝ 2,9 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝ 1,3 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 1,2 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայից՝ 470 հազար ԱՄՆ դոլար, Չինաստանից՝ 393 հազար ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ 2012 թվականին մեր երկրի քաղաքացիները ոչ առևտրային նպատակներով արտերկրից ստացել էին 1,687 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դրամական միջոցներ: 2011 թվականի համեմատ տրանսֆերտներն աճել էին 9%-ով:

Share