Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՃԳՆԱԺԱՄԻՑ

Վերջին մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ավտոշուկան գրանցել է աճ: Ապրիլին Եվրոպայում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալն աճել է 1,8%-ով: Հաշվետու այս մեկ ամսում եվրոպական շուկայում վաճառվել է 1,08 մլն ավտոմեքենա: Արդյունքում, այս տարվա առաջին չորս ամսում Եվրոպայում վաճառված ավտոմեքենաների թիվը հասել է 4,18 մլն-ի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 7%-ով:

Ինչպես հաղորդում է եվրոպական ավտոարտադրողների ACEA ասոցիացիան՝ ապրիլին Եվրոպայի ամենամեծ ավտոշուկան՝ Գերմանիան, գրանցել է ավտոմեքենաների վաճառքի ծավալի 3,8% աճ: Նշենք, որ մինչ այս՝ շուրջ հինգ ամիս շարունակ, գերմանական ավտոշուկան անկում էր ապրում:

Ապրիլին Մեծ Բրիտանիայում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 15%-ով, Իսպանիայում՝ 11%-ով: Ֆրանսիայի ավտոշուկան գրանցել է 5,3%, իսկ իտալական ավտոշուկան՝ 11% անկում:

Հաշվետու ամսում վաճառքի ծավալների առավել զգալի աճ գրանցել է Daimler (Mercedes-Benz)-ը:  Ընկերության վաճառքի ծավալները Եվրոպայում աճել են 11%-ով: Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողը՝ Volkswagen-ը, գրանցել է վաճառքի ծավալների 9,7% աճ:  

Ապրիլին Եվրոպայում Renault-ի վաճառքի ծավալներն աճել են 5%-ով, Nissan-ինը՝ 6,7%-ով, Toyota-ինը՝ 5,3%-ով: Միևնույն ժամանակ, Peugeot-ն գրանցել է վաճառքի ծավալների 10% անկում, Ford-ը՝ 0,6% անկում, BMW-ն՝ 2,9%, GM-ը՝ 4,1%:

Share