Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ 7.4% ԱՃ

Ընթացիկ տարվա առաջին չորս ամսվա արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 7.4% աճ, որը հիմնական ապահովել են արդյունաբերության, ծառայությունների և առևտրի ոլորտները:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.6%-ով և կազմել 373,9 մլրդ ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 306,5 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 7.2%-ով,  իսկ առևտրի շրջանառությունն, աճելով 5,4%-ով, կազմել է 583,5 մլրդ ՀՀ դրամ:

Հունվար-ապրիլին հանրապետությունում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 2.4%-ով և կազմել 100,0 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ոլորտում շարունակում են պահպանվել ճգնաժամային միտումները. շինարարության համախառն ծավալը կազմել է 60,3 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 5% անկում:

Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գնաճը կազմել է 3.2%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 105.9%:

Նշենք նաև, որ ըստ վերանայված տվյալների՝ ընթացիկ տարվա հունվարին, 2012 թվականի «տոնական» դեկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 50.2%-ով, փետրվարին, հունվարի համեմատ, գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.8% աճ, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է տնտեսական ակտիվության 14.6% աճ, իսկ ապրիլին, մարտի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 101.3%:

Միևնույն ժամանակ, հունվարին, տարեկան կտրվածքով, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 109.4%, փետրվարին՝ 108.8%, մարտին՝ 108.1%, իսկ ապրիլին՝ 103.9%:

Share