Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ APPLE ԲՐԵՆԴԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՄԵՆԱԹԱՆԿՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Այս տարի ևս ամերիկյան Apple բրենդը ճանաչվել է ամենաթանկն աշխարհում: Այն գնահատվել է 185,0 մլրդ ԱՄՆ դոլար: Բրիտանական Millward Brown Optimor ընկերության կազմած և հրապարակած ամենամյա BrandZ Top 100 վարկանիշի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում Apple բրենդի արժեքն աճել է 1%-ով:

Աշխարհի 100 ամենաթանկ ապրանքային նշանների վարկանիշի երկրորդ հորիզոնականում Google-ն է: Մեկ տարվա ընթացքում Google բրենդի արժեքը բարձրացել է 5%-ով, և այժմ այս բրենդը գնահատվում է 113,6 մլրդ ԱՄՆ դոլար:

BrandZ Top 100 վարկանիշի առաջին եռյակը եզրափակում է տեղեկատվական տեխոլոգիաների ոլորտը ներկայացնող մեկ այլ ընկերություն՝ IBM-ը, որը մեկ տարվա ընթացքում գրանցելով բրենդային արժեքի 3% անկում, այժմ գնահատվում է 112,5 մլրդ ԱՄՆ դոլար:

Վարկանիշի 4-րդից 6-րդ հորիզոնականներում են հայտնվել համապատասխանաբար McDonald”s (90.2 մլրդ ԱՄՆ դոլար, -5%), Coca-Cola (78,4 մլրդ ԱՄՆ դոլար, +6%) և  AT&T (75,5 մլրդ ԱՄՆ դոլար, +10%) ապրանքային նշանները:

Վերջիններիս հաջորդում են Microsoft-ը (69,8 մլրդ ԱՄՆ դոլար), Marlboro-ն (69,3 մլրդ ԱՄՆ դոլար) և Visa-ն (56,0 մլրդ ԱՄՆ դոլար):

Աշխարհի թանկ ապրանքային նշանների առաջին տասնյակը եզրափակում է China Mobile բրենդը՝ 55,3 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով:

Այսպիսով, աշխարհի ամենաթանկ 10 ապրանքային նշանների վարկանիշում առավելապես գերակշռում են ՏՀՏ ոլորտը ներկայացնող  ընկերությունները:

Հատկանշական է նաև, որ 10-յակը ներկայացնող ընկերություններից 9-ն ամերիկյան են, 1-ը՝ չինական:

Share