Բաժին. Տնտեսական

ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ՝ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ. ԻՍՊԱՆԻԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՌԱՎԵԼ ՀԱՍԱՆԵԼԻ

Իսպանիայի կառավարությունը պատրաստ է բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Իսպանիայում կգնեն անշարժ գույք, տրամադրել բնակության իրավունք: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսպանիայի տնտեսության և ձեռներեցության աջակցման հարցերով պետական քարտուղար Ֆերնանդո Խիմենես Լատորոն:

Եվրոպական մամուլը գրում է, որ իսպանացի պաշտոնյան իր հայտարարության մեջ չի պարզաբանել, թե կացության իրավունք ստանալու դիմաց օտարերկրյա քաղաքացիների համար որքան է սահմանվելու անշարժ գույքի գնման գործարքի նվազագույն պարտադիր գումարը, սակայն ընդգծել է, որ նշված ծրագիրն առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում կընդգրկվի ձեռներեցության մասին նոր օրենքում:

Նշենք, որ այս նոր օրենքով նախատեսվում է նաև կացության իրավունք տրամադրել այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր ներդրումներ կկատարեն Իսպանիայի տնտեսությունում:

Ըստ այժմ գործող օրենքի՝ ներկայում Իսպանիայում պարզեցված ընացակարգով  կացության իրավունք է տրամադրվում բոլոր այն օտարերկրյա գործարարներին, ովքեր երկրում ստեղծել են նվազագույնը 50 աշխատատեղ:

Նշենք, որ Իսպանիայի տնտեսությունում ներդրումներ կատարող, ինչպես նաև երկրում անշարժ գույք գնող օտարերկրյա քաղաքացիներին կացության իրավունքի տրամադրման հարցը քննարկվել է բավականին երկար ժամանակ:

Որոշ վերլուծաբաններ նշում են, որ կացության իրավունք ստանալու դիմաց օտարերկրյա քաղաքացիների համար անշարժ գույքի գնման գործարքի նվազագույն գումարը կարող է սահմանվել 160 հազար եվրո:

Share