Բաժին. Տնտեսական

ՄՇԱԿՎԵԼ Է ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՄԱՆ 7 ՔԱՅԼ

Կառավարությունը ներկայացրել է կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցման իր ծրագիրը, որը ներառում է 7 քայլ: Այսպես,  

1.     Կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում՝ հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։ 

2.     Նույն սկզբունքը կգործի նաև ջրի վարձավճարի դեպքում:

3.     Գյուղացիներին տրամադրվելու է սերմացու, պարարտանյութ և դիզվառելիք։  

4.     Յուրաքանդյուր գյուղացու նկատմամբ ցուցաբերվելու է անհատական մոտեցում։ Վարկեր վերցրած գյուղացիների վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումն ըստ անհրաժեշտության և իրավիճակի սառեցվելու է որոշակի ժամկետով: 

5.     Գյուղացիների դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի՝ պետության սուբսիդավորմամբ։  

6.     Մարզի բոլոր գյուղերում կտեղադրվեն հակակարկտային կայաններ և դրանք կղեկավարվեն մեկ կենտրոնից:

7.     Սոցիալական հատկապես սուր խնդիրներ ունեցող գյուղացիներին կտրվի դրամական միանվագ օգնություն։  

Նշենք, որ ծրագիրը ներկայացվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում: Այցի նպատակն էր՝ ամփոփվել օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից պատճառված վնասներն ու դրանց վերացման ուղղությամբ կառավարության քայլերը։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը։  

Նախ, կառավարության ղեկավարն այցելել է Արշալույս գյուղի մերձակայքում գտնվող հակակարկտային կայան: Վարչապետն Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետներին փոխանցել է գյուղացիների այն մտահոգությունը, որ կարկուտի օրը կայանները չեն աշխատել, և դրանք ընդհանրապես արդյունավետ չեն։ ԱԻՆ մասնագետները Տիգրան Սարգսյանին հավաստիացրել են, որ դրանք արդյունավետ են, սակայն կան կայաններ, որոնք չեն գործել կարկուտի օրը, քանի որ համայնքային սեփականություն են և միացված չեն ընդհանուր համակարգին: Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզպետին անհապաղ միջոցներ ձեռնարկել համայնքային կայաններն ԱԻՆ-ի շահագործմանը հանձնելու համար, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն։ Այնուհետև վարչապետն այցելել է նույն գյուղում գտնվող կարկտահարությունից տուժած դաշտեր, որտեղ բերքը ոչնչացվել է 100 տոկոսով:

Մրգաշատ գյուղում կառավարության ղեկավարը հանդիպել է գյուղացիների հետ, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները։ Գյուղացիներն օգնություն են խնդրել վարչապետից, քանի որ ունեն վարկային պարտավորություններ և նման պայմաններում չեն կարող կատարել դրանք: Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն իսկ կա համապատասխան հանձնարարություն և Կենտրոնական բանկը բանակցում է առևտրային բանկերի հետ: Վարչապետի տեղեկացմամբ՝ ամենասեղմ ժամկետներում բոլոր վարկառուների համար անհատական մոտեցման սկզբունքով կերկարաձգվեն վարկերի մարման ժամկետները, բանկերը կվերանայեն տոկոսադրույքները, դոլարային վարկերը կվերածվեն դրամայինի: Ամբողջ ընթացքում Կենտրոնական բանկում կգործի թեժ գիծ` բոլոր հարցերն առավել օպերատիվ լուծելու համար:

Մրգաշատում կառավարության ղեկավարը հյուրընկալվել է նաև Մխիթարյանների ընտանիքին, որը Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ընտանիքներից մեկն է: 11 երեխայից բաղկացած ընտանիքը բնակվում է վթարային պայմաններում գտնվող տանը: Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ամենասեղմ ժամկետում ընտանիքի համար տուն ձեռք բերել նույն գյուղում:

Օգտվելով առիթից՝ համայնքի բնակիչները վարչապետին տեղեկացրել են, որ հողի հարկի վճարման հարցում դժվարություններ ունեն: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ կտա համապատասխան հանձնարարականներ և բոլոր տուժած անձինք կազատվեն հողի հարկից:

Այնուհետև վարչապետ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցության ընթացքում, հաշվի առնելով մի շարք համայնքների ղեկավարների խնդրանքը, վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է շտապ կարգով վերջիններին ապահովել անհրաժեշտ սերմերով՝ ըստ պահանջարկի: Ներկաները նաև տեղեկացրել են, որ ունեն մեծ քանակությամբ ջրի պարտք, ինչը չեն կարողանալու մարել, քանի որ չունեն ֆինանսական միջոցներ: Հանդիպման ավարտին վարչապետը հայտարարել է, որ պետությունն իր ամբողջ գործիքակազմով լինելու է գյուղացու կողքին:

Խորհրդակցության ավարտին Տիգրան Սարգսյանն առավել անապահով գյուղատնտեսների հետ անհատական կարգով քննարկել է վերջիններիս խնդիրները և խոստացել, որ դրանց լուծման ուղղությամբ գործողությունները կլինեն իր անձնական ուշադրության ներքո:

Share