Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունում առավել խոշոր ներդրումներ են կատարել Կանադան, Արգենտինան, Ֆրանսիան և Ռուսաստանը: Այս երկրներին բաժին է ընկել հաշվետու ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալի ավելի քան 80%-ը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-մարտ ամիսներին Կանադայից Հայաստանի տնտեսություն է ուղղվել 34,0 մլն ԱՄՆ դոլար, Արգենտինայից՝ 26,9 մլն ԱՄՆ դոլար: Ֆրանսիական ներդրումները կազմել են 25,3 մլն ԱՄՆ դոլար, իսկ ռուսական ներդրումները՝ 21,7 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կանադական ներդրումները նվազել են շուրջ 22%-ով: Արգենտինայի ներդրումներն աճել են 6.7 անգամ: Ֆրանսիայից Հայաստանի տնտեսություն ուղղված ներդրումներն ավելացել են 24%-ով: Ռուսական ներդրումները նվազել են 19,5%-ով:

Հատկանշական է, որ այս չորս երկրների համար շարունակում են առավել գրավիչ մնալ Հայաստանի տնտեսության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, հեռահաղորդակցությունը, շինարարությունը, օդային տրանսպորտի ոլորտը:

Share