Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՎՃԱՐՈՎԻ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Հուլիսի 1-ից մայրաքաղաքում կգործի վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու նոր ընթացակարգը:

Ծառայությունը մատուցող  «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունից տեղեկացնում են, որ ներկայում մայրաքաղաքի փողոցներում կարմիր գծանշումներով առանձնացվում են վճարովի ավտոկայանատեղիների տարածքները, տեղադրվում են ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ, տեղեկատվական ցուցանակներ: Տվյալ հատվածները կկահավորվեն նաև ժամանակակից տեսանկարահանող սարքավորումներով, որոնց միջոցով էլ կվերահսկվեն տվյալ տարածքները: Կայանատեղիների վերահսկողությունը կիրականացվի նաև շրջիկ մեքենաների միջոցով, որոնք նույնպես կահավորված են տեսախցիկներով: Նշված կայանատեղիներում կայանման դիմաց գումար չի գանձվում մինչև 5 րոպե տևողությամբ կանգառ կատարելու դեպքում: 

Կայանատեղիներում 5 րոպեից ավելի մինչև մեկ ժամ կանգնելու դեպքում վճարման չափը կազմում է 100, մեկ օրվա համար 500, մեկ շաբաթվա համար 1000, մեկ ամսվա համար 2000 դրամ, մեկ տարվա համար՝ 12000 դրամ: Ի դեպ, երեկոյան ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00-ն կայանելու համար գումար չի գանձվի:

Վճարումները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, նաև՝ SMS հաղորդագրության միջոցով: Կարճ հաղորդագրության դեպքում մեկ ժամվա կամ մեկ օրվա համար համապատասխանաբար անհրաժեշտ է հավաքել 1045 և 5045 համարները` տեքստում նշելով տրանսպորտային միջոցի լատինատառ պետհամարանիշը՝ առանց միջակայքի: Վարորդը պատասխան հաղորդագրությամբ կտեղեկացվի կայանման ժամի և ավարտի մասին:

Վճարումներ հնարավոր կլինի կատարել նաև բանկերում, վճարահաշվարկային կազմակերպությունների, տերմինալների, կամ սպասարկող կազմակերպության էլեկտրոնային կայքի միջոցով: Բոլոր դեպքերում վճարման նպատակ դաշտում պարտադիր պայման է լինելու պետհամարանիշի ամրագրումը:

Կայանման դիմաց չվճարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Այդ մասին մեքենայի սեփականատերը կծանուցվի փոստի միջոցով:

Այսուհետ թևկապներով հսկիչները վարորդներից գումար գանձելու իրավունք չունեն:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այս փուլում առայժմ կարգավորվում է գլխավոր և երկրորդական փողոցների բանուկ մասերում ավտոկայանատեղիների կազմակերպումը:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքը կիրառվելու է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող փողոցներում և հրապարակներում: Բակային, մշակութային, կրթական օջախների, պետական և համայնքային կառավարչական հիմնարկների տարածքներում օրենքը չի գործում: Առևտրային գործունեություն ծավալող ընկերությունների հարակից տարածքները համայնքապատկան են և նույնպես կարգավորվում են տվյալ օրենքով:

Վճարովի  կանգառների տարածքներում ևս վարորդները պարտավոր են պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ի մասնավորի`կանգառ կատարել գծանշմանը համապատասխան:

Արգելվում է նաև կանգառ կատարել կայանատեղիին հարակից 2-րդ երթևեկելի գոտում, հակառակ դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է:

Վճարովի ավտոկայանատեղերի հսկողության ավտոմատացման և ավտոկայանատեղերի տուրքի անկանխիկ հավաքագրման հիմնական իմաստը մայրաքաղաքում ավտոկայանատեղիների քաղաքակիրթ գործունեության ծավալումն է:

Հաշվի առնելով օրենքի իրազեկման համար անհրաժեշտ ժամանակահատվածը և նաև կայանատեղիները  տեխնիկապես լիարժեք հագեցնելու անհրաժեշտությունը՝ քաղաքացիներից մեկ ամիս ժամկետով որևէ տույժ կամ տուգանք չի գանձվելու:

Share