Բաժին. Տնտեսական

34 ԵՐԿԻՐ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Պարենային անվտանգության ապահովման խնդիրն առավել սուր է Սիրիայում, Կենտրոնական Աֆրիկայում և Արևմտյան Աֆրիկայի որոշ հատվածներում: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նոր՝ «Բերքի կանխատեսումները և պերենային իրավիճակն աշխարհում» զեկույցում:

Ըստ իրականացված ուսումնասիրության արդյունքների՝ ներկայում շուրջ 34 երկիր կարիք ունի արտաքին պարենային օգնության: Այս երկրներից 27-ը գտնվում են Աֆրիկայում:

Նշվում է, որ պարենային անվտանգության խնդրի առավել խորացում է նկատվում քաղաքացիական պատերազմների մեջ հայտնված երկրներում:

Ըստ ներկայացված կանխատեսումների՝ 2013 թվականին, նախորդ տարվա համեմատ, աշխարհում հացահատիկի արտադրության համախառն ծավալը կաճի շուրջ 7%-ով և կկազմի ռեկորդային՝ 2479 մլն տոննա: Միևնույն ժամանակ, ցորենի համաշխարհային արտադրության ծավալը կաճի 6,8%-ով և կկազմի 704 մլն տոննա:

ՄԱԿ-ի վերլուծաբանները կարծում են, որ բերքի սպասվող լավ ցուցանիշները կարող են մեղմել պարենի համաշխարհային շուկայում առաջացող անկայունությունը:

Share