Բաժին. Տնտեսական

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԸ ԱՄՓՈՓԵԼ ԵՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ 4.4% ԱՃՈՎ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.4%-ով, որը հիմնական ապահովել են արդյունաբերության, ծառայությունների և առևտրի ոլորտները:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.3%-ով և կազմել 567,4 մլրդ ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 478.2 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 4.4%-ով,  իսկ առևտրի շրջանառությունն, աճելով 3.5%-ով, կազմել է 942.6 մլրդ ՀՀ դրամ:

Հունվար-հունիսին հանրապետությունում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 2.1%-ով և կազմել 200.1 մլրդ ՀՀ դրամ: Շինարարության ոլորտը շարունակում է մնալ ճգնաժամային. կիսամյակի արդյունքներով շինարարության համախառն ծավալը կազմել է 123.3 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 8.8% անկում:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գնաճը կազմել է 4.1%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 104.8%:

Նշենք նաև, որ հունիսին, մայիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 111.9%, իսկ նախորդ տարվա հունիս ամսվա համեմատ՝ 101.3%:

Share