Բաժին. Տնտեսական

G20-Ն ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ

«Մեծ քսանյակի» (G20) երկրների ֆինանսների նախարարները համաձայնեցրել են հարկերի վճարումից խուսափման դեմ պայքարի հիմնական դրույթները: Այս  մասին նշվում է Մոսկվայում կայացած երկօրյա հանդիպման արդյունքներով ընդունված պաշտոնական հայտարարության մեջ:

Ըստ տարածած հայտարարության՝  աշխարհի առաջատար երկրները հաստատել են հարկային տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, ընդունվել է նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) առաջարկը՝ արգելել ընկերություններին շահույթը «տեղափոխել» այլ երկրներ:

Նշենք, որ այսօր «շահույթի տեղափոխումը» հարկերի վճարումից խուսափելու առավել տարածված  մեխանիզմներից մեկն է, և շատ ընկերություններ, օգտվելով տարբեր երկրներում գործող օրենքների «անկատարությունից և բացությունից», կարողանում են շահույթը մի երկրից մյուսը «տեղափոխելով» իրենց համար սահմանել հարկերի նվազագույն մակարդակ:

G20-ի ֆինանսների նախարարները վստահություն են հայտնել, որ հարկերի վճարումից խուսափման դեմ պայքարի շրջանակներում համաձայնեցված և կիրառման ենթակա քայլերը կարող են իրական արդյունքներ տալ առաջիկա երկու տարվա ընթացքում: Վերլուծաբանները նման սպասումն արդեն իսկ որակել է որպես «չափազանցված»:

Հիշեցնենք, որ մի շարք վերազգային ընկերություններ, մասնավորապես Google-ը, Starbucks-ը, Amazon-ը և Apple-ը, մեղադրվում են օրենքի շրջանակներում տարբեր մեխանիզմերի կիրառման շնարհիվ հարկերի վճարումից խուսափելու մեջ:

Share