Բաժին. Տնտեսական

Մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 2 425.8 տոննա ապրանք, որոնց արժեքը կազմել է 11.9 մլրդ ՀՀ դրամ կամ 29.1 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են շուրջ 17%-ով:

Հաշվետու ամիսներին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 27.5%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին:  Շվեյցարիային բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի շուրջ 15.2%-ը,  Գերմանիային՝ 10.3%-ը, Չինաստանին՝ 9.9%-ը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ստացված օգնության շուրջ 51%-ը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, մոտ 11%-ը` մանածագործական իրերը, 7.7%-ը`սարքեր և ապարատները, 5.3%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 6.0%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.6%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, 4.4%-ը` պատրաստի սննդի արտադրանքը, 3.3%-ը` ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը:

Share