Բաժին. Տնտեսական

Անգելա Մերկելը պատրաստ է Հոնկոնգը «փոխարինել» Ֆրանկֆուրտով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստակամություն է հայտնել Ֆրանկֆուրտը դարձնել չինական յուանի համար միջազգային առևտրի կենտրոն: Միջազգային մամուլը գրում է, որ նման հայտարարությամբ Անգելա Մերկելը հանդես է եկել «Մեծ քսանյակի» (G20) հանդիպման շրջանակներում:

Նշենք, որ ներկայում չինական յուանով առևտրի հիմնական հարթակը Հոնկոնգի բորսան է: Չինաստանի ղեկավարությունը, սակայն, մտադիր է Հոնկոնգը «փոխարինել» մեկ այլ կենտրոնով և այժմ ուսումնասիրում է թեկնածու-քաղաքները, որոնց շարքում են նաև Սինգապուրը և Լոնդոնը:

Հիշեցնենք, որ Միջազգային հաշվարկների բանկի տվյալներով՝ պատմության մեջ առաջին անգամ չինական յուանը ընդգրկվել է միջազգային շուկայում առավել շատ շրջանառվող արժույթների ցանկում:

Ըստ վերջին տվյալների՝ այս տարի չինական յուանի մասնակցությամբ առևտրի ծավալը օրական կազմել է շուրջ 120 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը ավելի քան 3 անգամ գերազանցում է 2010 թվականին գրանցված ցուցանիշը:

10 առավել ակտիվ շրջանառվող արժույթների շարքում հայտնվելով 9-րդ տեղում՝ չինական յուանը հիմք է տալիս ենթադրել, որ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությամբ երկրի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա գնալով մեծանալու է:

Չինաստանն իր ազգային արժույթի միջազգայնացման գործընթացը սկսել է 2009 թվականից՝ նպատակ հետապնդելով մինչև 2020 թվականն ամրապնդել յուանի դիրքերը որպես միջազգային պահուստային արժույթ:

Իր խոշորագույն առևտրային գործընկեր Ճապոնիայի հետ Չինաստանն արդեն իսկ անցել է ազգային արժույթների ուղղակի փոխարկելիությանը:

Share