Բաժին. Տնտեսական

Ամերիկյան Oracle ընկերությունը կաջակցի Հայաստանում ՏՏ հմտությունների զարգացմանը

Հայաստանի կառավարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան Oracle ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է աջակցություն Հայաստանում ՏՏ հմտությունների զարգացմանը` Oracle-ի կրթական ծրագրի շրջանակներում, ինչպես նաև պետական մարմիններում Oracle-ի լուծումների կիրառման գնահատում և ընդլայնում, ՀՀ-ում ամերիկյան ընկերության գերազանցության կենտրոնի հիմնում և այլն:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և Oracle ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանը:

Նշենք, որ հայկական կողմի և Oracle-ի միջև համագործակցության պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2012թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ամերիկյան ընկերության ղեկավարների միջև Ֆրանկֆուրտում կայացած հանդիպման ժամանակ:

Հուշագրի ստորագրման արարողությունից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ Ալեն Բլանը վստահություն է հայտնել, որ ամերիկյան ընկերության մուտքը հայկական շուկա հաջողությամբ կիրականացվի, ինչն իր հերթին կխթանի նորարական տարբեր ծրագրերի իրականացմանը: 

Տիգրան Սարգսյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունը նոր թափ կհաղորդի մեր երկրում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը: 

Oracle ընկերությունը հիմնադրվել է 1977թ. ԱՄՆ-ում: Ընկերությունն ունի ավելի քան 390 հազար գնորդ, իսկ ծրագրերը ներկայացված են աշխարհի ավելի քան 145 երկրում:

Share