Բաժին. Տնտեսական

Հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.8%-ով

Հունվար-օգոստոսին հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.8% աճ: Նախորդ ամիսների համեմատ նկատվում է աճի տեմպի անկում. հունվար-հուլիսին մեր երկրում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 4%, առաջին կիսամյակի արդյունքներով՝ 4,4%, հունվար-մայիսին՝ 5.3%, հունվար-ապրիլին՝ 7.4%, հունվար-մարտին՝ 8.7%, հունվար-փետրվարին՝ 8%, իսկ հունվարին՝ 9.1% աճ:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  հաշվետու ութ ամիսներին աճը հիմնական ապահովել են գյուղատնտեսության, արդյունաբերության և ծառայությունների ոլորտները:

Այսպես, հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 7.1%-ով և կազմել 467,0 մլրդ ՀՀ դրամ:  Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.2%-ով և կազմել 764,1 մլրդ ՀՀ դրամ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 651,7 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 3.2%-ով:

Միևնույն ժամանակ, հանրապետությունում առևտրի շրջանառությունն աճել է 2.5%-ով և կազմել 1333,9 մլրդ ՀՀ դրամ:

Շինարարության ոլորտը շարունակում է մնալ ճգնաժամային. հաշվետու ամիսների արդյունքներով շինարարության համախառն ծավալը կազմել է 193,6 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 8.5% անկում:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գնաճը կազմել է 5.3%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 104.6%:

Share