Բաժին. Տնտեսական

Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել է իր կանխատեսումները

Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել և արդյունքում կրճատել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները: Նոր զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարվա արդյունքներով համաշխարհային տնտեսությունը կաճի 2,9%-ով: Նշենք, որ ավելի վաղ կանխատեսվել էր համաշխարհային տնտեսության 3,2% աճ:

Միևնույն ժամանակ, 2014 թվականի համար ԱՄՀ-ն սպասում է համաշխարհային ՀՆԱ-ի 3,6% աճ՝ մինչ այս կանխատեսված 3,8% աճի դիմաց:

ԱՄՀ-ի պարզաբանմամբ՝ համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումների կրճատումը պայմանավորված է մի շարք երկրներում պարտքային խնդիրների խորացմամբ, համաշխարհային շուկայում չինական արտադրանքի նկատմամբ պահանջարկի անկմամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի դրամավարկային քաղաքականության մասով սպասվող փոփոխություններով:

Վերանայված կանխատեսումների համաձայն՝ այս տարվա արդյունքներով ԱՄՆ-ի տնտեսությունը կաճի 1,6%-ով, իսկ հաջորդ տարի՝ 2,6%-ով: Ամերիկյան տնտեսության մասով ԱՄՀ-ի նախորդ՝ հուլիսյան կանխատեսումներն առավել «լավատեսական» էին՝ համապատասխանաբար 1,7% և 2,8%:

Եվրոգոտու համար ԱՄՀ-ն կանխատեսում է 0,4% անկում՝ այս տարի, 1% աճ՝ հաջորդ տարի:

Սպասվում է, որ այս տարի Չինաստանի տնտեսությունը կաճի 7,6%-ով:

Share