Բաժին. Տնտեսական

Louis Vuitton-ը և լյուքս դասի շուկան

Ճոխության և շքեղության ապրանքների արտադրությամբ և վաճառքով զբաղվող հանրահայտ LVMH (Moet Hennessy Louis Vuitton S.A.) ընկերությունը գրանցել է վաճառքի ծավալների աճի տեմպի փոքր-ինչ անկում: Ըստ հրապարակված տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա արդյունքներով ընկերության բոլոր բիզնես-միավորները միասին գրանցել են արտադրանքի վաճառքի ծավալների 4% աճ: Ընկերության ընդհանուր շրջանառությունն աճել է 8%-ով և կազմել 7,02 մլրդ եվրո:

Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով LVMH-ի վաճառքի ծավալներն աճել էին 5%-ով:

Չնայած հաշվետու ամիսներին LVMH-ը գրանցել է վաճառքի ծավալների աճի տեմպի անկում, այնուամենայիվ, իր ֆինանսական ցուցանիշներով ապացուցում է, որ Եվրոպայի խորացող պարտքային խնդիրների ու համաշխարհային տնտեսությունում տիրող ֆինանսական անկայունության հանդեպ շարունակում է «անտարբեր» մնալ լյուքս դասի ապրանքների շուկան, որտեղ վերջին տարիներին որևէ ճգնաժամային դրսևորում չի գրանցվել:

Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունն առավելապես հայտնի է իր ֆիրմային պայուսակներով, որոնք ապահովում են ընկերության շահույթի ավելի քան կեսը:

Louis Vuitton բրենդը առավել մեծ առաջընթաց է ապահովում չինական շուկայում:

Հիշեցնենք, որ Louis Vuitton-ը ճանաչվել է լյուքս դասի ամենաթանկ բրենդն աշխարհում: Միջազգային Interbrand գործակալության տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում այս բրենդի արժեքն աճել է շուրջ 6%-ով և այժմ գնահատվում է 24,8 մլրդ ԱՄՆ դոլար:

Share