Բաժին. Տնտեսական

Մեր երկրի օդային փոխադրումների ոլորտը կազատականացվի

Կառավարությունն ընդունել է ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու որոշում:

Կառավարությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում գնահատվել են բազմաթիվ նախագծային տարբերակներ: Արդյունքում, բացահայտվել է, որ բաց երկնքի քաղաքականությունը կունենա ամենամեծ դրական ազդեցությունը տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա:

Ստեղծվել է ծրագրի իրականացման աշխատանքային խումբ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, հաստատվել խմբի կազմը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ծրագրի կապակցությամբ նշել է, որ այն հաստատվել է՝ հիմք ընդունելով աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկի՝ Մաքքենզի մասնագետների կողմից Հայաստանի Հանրապետության համար մշակված ռազմավարությունը:

«Ըստ այս բնագավառի աշխարհի լավագույն մասնագետների՝ Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը խթանելու է համախառն ներքին արդյունքի աճը, ստեղծելու է նոր աշխատատեղեր, ուղևորափոխադրումները դարձնելու է հարմարավետ և գները նվազելու են: Սրանք են հիմնական դրույթները, որոնք արտացոլված են այս ռազմավարության մեջ և նկարագրված են քայլերը, միջոցառումները, ժամկետները, թե ինչպես պետք է իրականացվեն այդ բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Share