Բաժին. Տնտեսական

Հագուստի վաճառքով զբաղվող խանութներն իրենց կեղծ զեղչերով մոլորեցրել են սպառողներին

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիտարկումներ է իրականացրել հագուստի վաճառքով զբաղվող մի շարք խանութներում՝ ուսումնասիրելու վերջինների զեղչային քաղաքականությունը:

Արդյունքում պարզվել է, որ տասնյակ դեպքերում խանութների դիմապակիներին փակցված զեղչերը իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ, նշված է 50 կամ 70 տոկոս զեղչ՝ ողջ տեսականու համար, սակայն զեղչը գործել է միայն հատուկենտ ապրանքների գնման դեպքում: Պարզվել է նաև, որ որոշ դեպքերում զեղչը գործել է խանութի տեսականու ընդամենը 5 տոկոսի գնման դեպքում, չնայած այն բանին, որ գովազդվել է՝ զեղչ ողջ տեսականու համար:

Հանձնաժողովն արձանագրել է, որ նման կերպ տնտեսվարողներն ակնհայտորեն մոլորեցնում են սպառողներին, որոնք, գայթակղվելով, իբրև թե, մատչելի առաջարկներով, այցելում են տվյալ խանութ՝ տեղում տեղեկանալով, որ հայտարարված զեղչը գործում է միայն հաշված ապրանքների և հիմնականում հին հավաքածուների ձեռքբերման դեպքում:

Հանձաժողովից տեղեկանցում են, որ խախտում թույլ տված ընկերություններն են.

– «Ռուժ Բուտե» («Ռուժ» խանութ-սրահ),

–  «Բեներիկ» ընկերություն («Բեյսիկ Հաուս» խանութ-սրահ),

– «Գոհար-Անի» ընկերություն («Կաշառել» խանութ-սրահ), 

– «Լիգա Էլ Ընդ Ջի» ընկերություն («Օրկեստրա»),

– «Լիոնելա» ընկերություն («Մի-մի» խանութ-սրահ),

– «Մարտին-ՊՕ» ՍՊԸ  («Բուգատտի» խանութ-սրահ),

– «Նավավան» ընկերություն («Բրենդաութլեթ» խանութ-սրահ),

– «Սավոյ» ՍՊԸ  («Շոկոլադ» խանութ-սրահ),

– «Վենետիկ Սթայլ» ընկերություն («Վենեցիա» խանութ-սրահ),

– «Վիա Արտիս» ընկերություն («Մոսկինո» խանութ-սրահ),

– «Ալիսա-Հայկ» ընկերություն («Գեսս» խանութ-սրահ): 

Համաձայն օրենսդրության, տնտեսվարողի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը՝ նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Հասարակության մոլորեցում է համարվում նաև գովազդում կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների նշումը կամ այնպիսի տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ:

Հանձնաժողովի որոշմամբ՝ նշված ընկերությունները ստացել են խիստ նախազգուշացում՝ խախտումները վերացնելու և հետագայում բացառելու հանձնարարականով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից վստահեցնում են, որ այս ոլորտում դիտարկումները շարունավելու են: 

Share