Բաժին. Տնտեսական

Հունվար-սեպտեմբերին ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է 75%

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջին դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր է ունեցել 386 հազար 733 ավտոտրանսպորտային միջոց: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով՝ նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեատ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների թիվն ավելացել է ավելի քան 20 հազարով:

Ըստ ներկայացված ամփոփ տվյալների՝ սեպտեմբեր ամսվա դրությամբ բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 7.7 մլրդ դրամ, ինչը օգոստոս ամսվա նույն ցուցանիշի  համեմատ աճել է մոտ 854 մլն դրամով: Հաշվետու ամսվա ընթացքում, նախորդ ամսվա համեմատ, կարգավորված դիմումների քանակը փոքր-ինչ աճել է` կազմելով 4,387 դիմում` նախորդ ամսվա 4,273-ի դիմաց: Սեպտեմբեր ամսվա դրությամբ հատուցման միջին չափը կազմել է 195,056 ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 75%: Հունվար-օգոստոսի համեմատ այն աճել է 2 տոկոսային կետով:

ԱՊՊԱ-ի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը ընդունվել է 78%:

Share