Բաժին. Տնտեսական

Doing Business-2014 վարկանիշում մեր երկիրը հայտնվել է 37-րդ տեղում

Համաշխարհային բանկը կազմել և հրապարակել է Doing Business-2014 տարեկան զեկույցը: Այստեղ ամփոփ ներկայացված են աշխարհի 189 երկրում գործարարությամբ զբաղվելու հիմնական ցուցանիշները: Զեկույցում, մասնավորապես, դիտարկվել են ցուցանիշներ, որոնք վերաբերում են փոքր և միջին բիզնեսի կայացմանը, գործարար միջավայրին, վարկերի հասանելիությանը, հարկային վարչարարությանը և բիզնեսի վարման համար գործող ընդհանուր կանոններին:

Արդյունքում, կազմվել է բիզնեսի համար թափանցիկ երկրների վարկանիշը, որի առաջին հնգյակում, նախորդ երկու տարվա համեմատ, փոփոխություններ չեն գրանցվել: Բիզնեսի համար առավել նպաստավոր երկրներն են Սինգապուրը, Հոնկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն ու Դանիան: Հատկանշական է, որ Սինգապուրը վարկանիշը գլխավորում է արդեն 8-րդ տարին անընդմեջ: Վարկանիշի առաջին տասնյակում հայտնվել են նաև Մալազիան, Կորեան, Վրաստանը, Նորվեգիան և Մեծ Բրիտանիան: Վարկանիշի վերջին տեղում Չադն է:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը հայտնվել է 37-րդ տեղում:

Ըստ զեկույցի` Հայաստանը որոշակիորեն բարելավել է իր դիրքերը հետևյալ ոլորտներում` բիզնեսի հիմնում, հարկերի վճարում:

Մյուս ցուցանիշների գծով գրանցվել է հետընթաց: Այսպես, Հայաստանում առավել դժվարացել է շինարարական թույլտվությունների ստացումը, էլեկտրականության մատակարարումը, սեփականության գրանցումը, վարկերի ստացումը, միջազգային առեւտուր վարելը:

Նշենք, որ Doing Business-2014 վարկանիշում Ադրբեջանը 70-րդն է, Թուրքիան՝  69-րդը, Իրանը՝ 152-րդը: Ռուսաստանը հայտնվել է 92-րդ տեղում:

Share