Բաժին. Տնտեսական

Ուսման վարձի փոխհատուցման ծրագրից օգտվող ուսանողների թիվը կրկնապատկվել է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) նվազագույն շեմը իջեցնելու վերաբերյալ:

Նախարարությունից հայտնում են, որ ՄՈԳ-երի իջեցումը հնարավորություն է տալիս բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված սոցաիալապես անապահով ուսանողների ավելի լայն շրջանակի օգտվել ուսման վարձի փոխհատուցման ՀՀ կառավարության սոցիալական ծրագրից:

Այսպես, հաշվի առնելով սոցիալական անապահովության համակարգում ներառված ուսանողների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները՝ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով նախապես սահմանված բակալավրի կրթական ծրագրի համար 85 և մագիտստրոսի կրթական ծրագրի համար 90 տոկոս ՄՈԳ-երի շեմերը իջեցվել են՝ դառնալով 75 տոկոս:  

Արդյունքում, նախարարի այս հրամանով սոցիալական աջակցության ծրագրից օգտվողների թիվը կրկնապատկվել է. նրանց համար սահմանվել է 50-100 տոկոս ուսման վարձի փոխհատուցում:

Ծրագրից օգտվող ուսանողների ցուցակներն արդեն հաստատված են և առաքվել են համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Նախարարության ներկայացված տվյալների համաձայն՝ բուհերի կողմից ներկայացված սոցիալապես անապահով ուսանողների շուրջ 70 տոկոսը, հաղթահարելով հրամանով սահմանված ՄՈԳ-երի շեմը, օգտվում է ուսման վարձի փոխհատուցման ծրագրից:

Share