Բաժին. Տնտեսական

Եվրոպական մի շարք երկրների նկատմամբ կկիրառվեն «բյուջետային» սանկցիաներ

Խորվաթիայի 2014 թվականի բյուջեն չի համապատասխանում Եվրամիության բյուջետային պահանջներին, իսկ Ֆրանսիայի, Իսպանիայի և Դանիայի բյուջեները գրեթե հատում են գործող բյուջետային սահմանները: Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցում:

Սպասվում է, որ խախտված բյուջետային պահանջների և «չափից շատ» բյուջեի պակասուրդի համար Խորվաթիայի նկատմամբ կկիրառվեն կարգապահական սանկցիաներ:

Եվրահանձնաժողովը մտադիր է սանկցիաներ կիրառել նաև Լեհաստանի նկատմամբ, որը, ըստ Եվրահանձնաժողովի, չի գործադրում բավարար ջանքեր երկրի բյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ:

Զեկույցում նաև նշվում է, որ Ֆինլանդիայի և Իտալիայի 2014 թվականի բյուջեները ևս «գտնվում են» Եվրամիության բյուջետային պահանջների խախտման եզրին:

Նշենք, որ Եվրամիության երկրների համար գործում է բյուջետային պայման, ըստ որի՝ տարեկան բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի երկրի ՀՆԱ-ի 3%-ը:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ից Խորվաթիան պաշտոնապես դարձել է Եվրամիության 28-րդ անդամ-երկիրը:

Եվրամիությանը Խորվաթիայի միանալու մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2011 թվականի դեկտեմբերին: 2012 թվականի հունվարին երկրում անցկացվել էր հանրաքվե, որի արդյունքներով բնակչության զգալի մասը կողմ էր արտահայտվել Եվրամիության անդամ դառնալուն:

Share