Բաժին. Տնտեսական

Զիմբաբվեի նախագահը մտադիր է երկիրը «մաքրել» օտարերկրյա գործարարներից

Զիմբաբվեի իշխանությունները օտարերկրացիներին, ովքեր Զիմբաբվեում զբաղվում են բիզնեսով, կոչ են արել մինչև 2014 թվականի հունվարի 1-ը հեռանալ երկրից: Հակառակ դեպքում՝ նրանք կձերբակալվեն:

Արևմտյան մամուլը գրում է, որ օտարերկրյա գործարարներին «արտաքսելու» քայլը երկրի 89-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեի տնտեսական քաղաքականության նոր մասն է կազմում:

Երկրից օտարերկրյա գործարարներին հեռացնելով՝ Ռոբերտ Մուգաբեն մտադիր է Զիմբաբվեի բնակչությանը տալ տնտեսական գործունեության մի շարք ոլորտներում ձեռնարկատիրությամբ զբաղվելու բացառիկ իրավունք:

Այսպես, Զիմբաբվեի բնակչությունը բացառիկ իրավունք կստանա զբաղվելու, մասնավորապես, մեծածախ և մանրածախ առևտրով, գյուղատնտեսությամբ, հացամթերքի արտադրությամբ:

Տրանսպորտի ոլորտը, գովազդային և անշարժ գույքի գործակալությունները, գեղեցկության սրահները ևս «կենթարկվեն» Զիմբաբվեի բնակչության բիզնեսով զբաղվելու բացառիկ իրավունքին:

Նշենք, որ Զիմբաբվեն աշխարհի առավել աղքատ երկրներից մեկն է: Երկրի տնտեսական խնդիրներն անսահման են. գնաճի տեմպերն աննախադեմ բարձր են, գործազրկությունը՝ ծայրահեղ բարձր մակարդակի:

Share