Բաժին. Տնտեսական

Վերջին 5 տարում մեր երկրում ծայրահեղ աղքատ մարդկանց թիվն աճել է մոտ 2 անգամ

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Հայաստանի բնակչության մոտ ամեն երրորդը կամ 32.4%-ը աղքատ է, ընդ որում՝ նրանցից 13.5%-ը՝ շատ աղքատ, իսկ 2.8%-ը` ծայրահեղ աղքատ:

Նշենք, որ մեր երկրում աղքատ են գնահատվում նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար, ցածր է աղքատության վերին ընդհանուր գծից՝ 37 044 դրամ կամ 92.2 ԱՄՆ դոլար: Շատ աղքատ են գնահատվում նրանք, ում սպառումը մեկ ամսվա համար մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության ստորին ընդհանուր գծից՝ 30 547 դրամ կամ 76.0 ԱՄՆ դոլար: Ծայրահեղ աղքատ գնահատվում են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար, ցածր է աղքատության պարենային գծից՝ 21 732 դրամ կամ 54.1 ԱՄՆ դոլար:

Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով՝ 2012թ.-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 32.4%, ինչը, չնայած 7.4%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից (35.0%), շարունակում է մնալ չափազանց բարձր:

2012թ.-ին, 2008թ.-ի նկատմամբ, մեր երկրում ավելացել է ծայրահեղ աղքատության մակարդակը` 1.8 անգամ (կամ 1.2 տոկոսային կետով), շատ աղքատների մակարդակը` 7.1%-ով (կամ 0.9 տոկոսային կետով), իսկ ընդհանուր աղքատության մակարդակը`17.4%-ով (կամ 4.8 տոկոսային կետով):

Share