Բաժին. Տնտեսական

«Գազպրոմ»-ը կդառնա «ՀայՌուսգազարդ»-ի միակ բաժնետերը և կսահմանի գազի նոր գին

Հայաստանի համար կսահմանվի գազի մատակարարման նոր գին, որը փոխկապակցված կլինի Ռուսաստանում գործող ներքին գների հետ: Այս մասին հայտարարել է ռուսական «Գազպրոմ» ընկերության Վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը՝ համոզմունք հայտնելով, որ նոր գինը ազդակ կլինի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Սպասվում է, որ Հայաստանի համար գազի գինը կսահմանվի 189 ԱՄՆ դոլար՝ հազար ԽՄ-ի դիմաց:

Գազի գնի վերանայումը պայմանավորված է Մաքսային Միությանը Հայաստանի միանալու հայտարարությամբ: Եթե մեր երկիրը ցանկություն չհայտներ միանալ Մաքսային Միությանը, ապա գազի գինը կմնար նույնը՝ 270 դոլար՝ հազար ԽՄ-ի դիմաց:

Հատկանշական է, որ թեև Ռուսաստանը փաստացի իջեցնում է Հայաստան մատակարարվող գազի գինը, վերջնական սպառողների համար սակագնի իջեցում չի սպասվում: Գազի գնի վերջին թանկացման հետ կապված՝ Հայաստանի կառավարությունը հայտարարել էր, որ կսուբսիդավորի սահմանին ձեռքբերվող գազի գնի 30%-ը: Արդյունքում, վերջնական սպառողների համար սակագին հաշվարկելիս հիմք էր ընդունել հազար ԽՄ-ի դիմաց հենց 189 ԱՄՆ դոլար գինը:

Ալեքսեյ Միլերը նաև տեղեկացրել է, որ ըստ Հայաստանի իշխանությունների հետ ձեռքբերված պայմանավորվածության՝ «Գազպրոմ»-ին կփոխանցվի «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը, և «Գազպրոմ»-ը կդառնա «ՀայՌուսգազարդ» ընկերության լիակատար բաժնետերը:

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին Երևանում կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են ի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը,Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, 2014-2018թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և  «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև գործարքը:

Share