Բաժին. Տնտեսական

Կոռուպցիայի ընկալման ցուցանիշով Հայաստանը աշխարհում 94-րդն է

Մեր երկիրը կոռուպցիայի ընկալման ցուցանիշով աշխարհի 177 երկրների շարքում հայտնվել է 94-րդ տեղում: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (Transparency International, TI) միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն` Հայաստանի` 2013 թվականի կոռուպցիայի ընկալման ցուցանիշը կազմում է 36 բալ:

2012 թվականին Հայաստանը կոռուպցիայի ընկալման ցուցանիշով աշխարհի 174 երկրների շարքում 105-րդն էր ( 34 բալ):

Նշենք, որ կոռուպցիայի ընկալման ցուցանիշը յուրաքանչյուր երկրի համար գնահատվում է  0-100 բալանի սանդղակով, որտեղ 0-ն` բացարձապես կոռումպացված, իսկ 100-ը` բացարձակապես չկոռումպացված լինելու ընկալումն է:  Ցուցանիշը կազմվում է հեղինակավոր կազմակերպությունների կողմից փորձագետների և գործարարների շրջանում իրականացված ուսումնասիրություններից ստացված համաթվերի համակցության արդյունքում:

Ըստ զեկույցի տվյալների` այս տարի կոռուպցիայի ընկալման ցուցանիշն ամենաբարձրն է Դանիայում, Նոր Զելանդիայում և Ֆինլանդիայում (համապատասխանաբար՝ 91 բալ, 91 բալ և 89 բալ): Այս երկրներն այսօր համարվում են աշխարհի ամենաչկոռումպացված երկրները:

Վարկանիշի առաջին տասնյակում հայտնվել են նաև Շվեդիան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեյցարիան, Նիդերլանդները, Ավստրիան և Կանադան:

Միևնույն ժամանակ, կոռուպցիայի ընկալման ցածր ցուցանիշ է գրանցվել Աֆղանստանում, Սոմալիում և Հյուսիսային Կորեայում (8 բալ), որոնք էլ համարվում են ամենակոռումպացված երկրները և միասին եզրափակում են վարկանիշը:

Տարածաշրջանում գրանցվել են հետևյալ արդյունքները. Վրաստանը հայտնվել է 55-րդ տեղում (49 բալ), Ադրբեջանը` 127-րդ (28 բալ):

Share