Բաժին. Տնտեսական

Տրանսֆերտները գերազանցել են 1,5 մլրդ դոլարը

Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանի բնակչությունը բանկերի միջոցով արտերկրից ոչ առևտրային նպատակներով ստացել է 1 մլրդ 513,3 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 10%-ով:

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու այս տաս ամսում Հայաստան հոսած տրանսֆերտների շուրջ 95%-ը բաժին է ընկել 10 երկրի՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Ղազախստան, Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄԷ, Իսպանիա, Թուրքիա, Չինաստան, ընդ որում՝ աճել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից և Թուրքիայից Հայաստանի բանկային համակարգի միջոցով մեր քաղաքացիներին ոչ առևտրային նպատակներով փոխանցված դրամական միջոցները: Միևնույն ժամանակ, կրճատվել են Ուկրաինայից, Իսպանիայից և Չինաստանից ոչ առևտրային նպատակներով Հայաստան ուղարկված դրամական միջոցների ծավալները:

Ըստ ձևավորված ավանդույթի՝ տրանսֆերտների մեծ մասը բաժին է ընկել Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանին: Հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 298,5 մլն ԱՄՆ դոլար:ԱՄՆ-ից ստացվել են 66,4 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ, Ղազախստանից՝  18,8 մլն ԱՄՆ դոլար:

Ուկրաինայից Հայաստան հոսած տրանսֆերտները կազմել են 14,0 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիայից՝ 12,4 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից՝ 11,8 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 6,7 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝  5,1 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայից՝ 1,5 մլն ԱՄՆ դոլար, Չինաստանից՝ 1,1 մլն ԱՄՆ դոլար:

Share