Բաժին. Տնտեսական

Քաղաքացիություն փողի դիմաց

Մի շարք երկրներ գտնել են հարուստ օտարերկրացիներին գրավելու, անշարժ գույքի շուկան ակտիվացնելու և պետական բյուջեն համալրելու շատ յուրահատուկ լուծում: Նրանք գումարի դիմաց տրամադրում են քաղաքացիություն: Իհարկե, այստեղ խոսքը շատ դեպքերում ոչ թե քաղաքացիության ուղղակի վաճառքի, այլ երկրի տնտեսությունում իրականացվող ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու գործընթացի պարզեցման մասին է:

Հարկ է նշել, որ «անձնագիր փողի դիմաց» սկզբունքն այսօր շատ պահանջված է: Չափազանց գրավիչ է այն փաստը, որը ձեռքբերելով երկրորդ անձնագիր՝ կարող ես ազատ մուտք գործել շատ երկրներ: Սա, առաջին հերթին, առնչվում է Շենգենյան գոտուն:

Henley Estates խորհրդատվական ընկերությունը ուսումնասիրել է այն երկրները, որոնք գումարի դիմաց առաջարկում են քաղաքացիություն և առանձնացրել 11 երկիր, որոնց «վաճառվող» քաղաքացիությունն առավել գրավիչ է:

Այդ երկրներն են.

Մեծ Բրիտանիա

Ապրելու և աշխատելու իրավունք կարելի է ստանալ 1 մլն ֆունտի դիմաց: Գումարի զգալի մասը ներդրումների տեսքով պետք է ուղղվի երկրի տնտեսություն, մի մասն էլ պետք է ծախսվի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով կամ որպես խնայողություն պահվի բրիտանական բանկերից մեկում: Քաղաքացիությունը տրվում է 5 տարի անց:

Իսպանիա

Ապրելու և աշխատելու իրավունք կարելի է ստանալ՝ գնելով նվազագույնը 500 հազար եվրո արժողությամբ անշարժ գույք, ինչպես նաև շուրջ 2 մլն եվրո գումար ներդնելով նվազագույնը 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերում կամ 1 մլն եվրոյի ներդրում կատարելով իսպանական ընկերություններում: Քաղաքացիությունը տրվում է 10 տարի անց:

Պորտուգալիա

Ապրելու և աշխատելու իրավունք կարելի է ստանալ՝ գնելով նվազագույնը 500 հազար եվրո արժողությամբ անշարժ գույք կամ 1 մլն եվրոյի ներդրում կատարելով երկրի տնտեսությունում: Քաղաքացիությունը տրվում է 6 տարի անց:

Լատվիա

Ապրելու և աշխատելու իրավունք կարելի է ստանալ՝ ձեռքբերելով անշարժ գույք՝ միաժամանակ ներդրումներ կատարելով երկրի ֆինանսական կազմակերպություններում, նաև՝ խոշոր հարկատու ընկերություններում: Լատվիայի ընձեռած այս հնարավորությունից տարեկան կարող է օգտվել առավելագույնը 900 մարդ: Քաղաքացիություն ստանալու գործընթացը փոքր-ինչ բարդ է: Նախատեսվում է լեզվի և պատմության իմացություն քննություն, ինչպես նաև ապացույց՝ երկրում մշտական բնակության մասին:

Կանադա

Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ունենալ բիզնեսի վարման փորձ, երկրում ներդրումներ կատարելու և նոր աշխատատեղեր ստեղծելու պատրաստակամություն: Հայտերի քննարկումը տևում է մոտ երկու տարի:

Կիպրոս

Քաղաքացի դառնալու համար անհրաժեշտ է գնել նվազագույնը 5 մլն եվրո արժողությամբ անշարժ գույք:

Մալթա

Քաղաքացիություն կարելի է ձեռքբերել՝ ուղղակի վճարելով 650 հազար եվրո: Երկրի կառավարությունը պատրաստ է տարեկան վաճառել 200-300 անձնագիր:

Սենտ Քիթս և Նևիս

Կարիբյան ծովում գտնվող այս երկրի քաղաքացի դառնալու համար անհրաժեշտ է գնել նվազագույնը 400 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ անշարժ գույք կամ 250-350 հազար ԱՄՆ դոլար ուղղել երկրում բարեգործական ծրագրերի ֆինանսավորմանը:

Անտիգուա և Բարբուդան

Քաղաքացիությունը տրվում է երկրի Ազգային զարգացման ֆոնդում իրականացված նվազագույնը 250 հազար ԱՄՆ դոլար ներդրումների կամ նվազագույնը 400 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ անշարժ գույք գնելու դիմաց:

Դոմինիկյան Հանրապետություն

Քաղաքացիություն կարելի է ստանալ ուղղակի ներդրումների դիմաց: Ներդրումների ծավալը կախված է ընտանիքի անդամների թվից:

ԱՄՆ

ԱՄՆ-ն հարուստ օտարերկրացիների համար մշակել է հատուկ ծրագիր: Ամերիկյան սկսնակ ընկերություններում իրականացնելով նվազագույնը 500 հազար ԱՄՆ դոլարի ներդրում և ապահովելով նվազագույնը 10 նոր աշխատատեղի ստեղծում՝ օտարերկրյա գործարարները կարող են պարզեցված կարգով ստանալ ապրելու և աշխատելու իրավունք: Քաղաքացիություն ստանալու համար պետք է սպասել մոտ 5 տարի:

Share