Բաժին. Տնտեսական

«Հայկական» պլանշետները կարտադրվեն 135 ԱՄՆ դոլար ինքնարժեքով

Կառավարությունը, հիմք ընդունելով Technology and Science Dynamics Inc․(Armtab Technologies) ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, ինչպես նաև Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, որոշել է ընկերությանը «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել շահագործողի թույլտվություն` պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար:

Ընկերությունը նախատեսում է համագործակցություն հաստատել պլանշետների արտադրության ամերիկյան Minno գրասենյակի հետ, որը կստանա Հայաստանի կազմակերպության թողարկած բոլոր պլանշետները և կզբաղվի դրանց իրացմամբ և առաքմամբ:

Գործունեության երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցի 50 հազարի, միավորի գինը կլինի 180 ԱՄՆ դոլար, ինքնարժեքը` 135 ԱՄՆ դոլար:

Առաջին տարում արտադրություն կներդրվի 1 մլն 350 հազար ԱՄՆ դոլար, երրորդ տարում` 6 մլն 750 հազար ԱՄՆ դոլար:

Կառավարությունից հայտնում են, որ բացի ներդրում ներգրավելուց ազատ տնտեսական գոտու շահագործումը հնարավորություն կտա խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies ընկերությունը ներկայացրել էր հայկական արտադրության առաջին պլանշետը (Armtab) և առաջին հեռախոսը (Armphone):

Share