Բաժին. Տնտեսական

Առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.3%-ով

Հունվար-մարտին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.3% աճ

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.3% աճ: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու ամիսներին աճ է գրանցվել գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների և առևտրի ոլորտներում, մինչդեռ արդյունաբերության ոլորտում գրանցվել է անկում:

Այսպես, հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 274,3 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով նվազելով 2.8%-ով:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 5.2%-ով և կազմել 68.4 մլրդ ՀՀ դրամ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 234.4 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 3.5%-ով:

Հանրապետությունում առևտրի շրջանառությունն աճել է 4.5%-ով և կազմել 449.8 մլրդ ՀՀ դրամ: Շինարարության համախառն ծավալը կազմել է 39.8 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 0.7% աճ:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին մեր երկրում գնաճը կազմել է 4.6%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 105.5%: 2013 թվականին, 2012 թվականի համեմատ, մեր երկիրը գրանցել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3,5% աճ:

Share