Բաժին. Տնտեսական

ԱԶԲ. ՀՀ-ն պետք է փորձի առավելագույնս օգտվել Մաքսային միության հնարավորություններից

Վերջերս Հայաստան էր ժամանել Ասիական զարգացման բանկի Տնտեսական և վերլուծությունների բաժնի գլխավոր տնտեսագետ Դոնգհյուն Փարքը: «Բիզնես 24»-ը հարցազրույց ունեցավ տնտեսագետի հետ և պարզեց, թե Հայաստանի տնտեսական զարգացման տեսանկյունից ինչպիսին են Ասիական զարգացման բանկի հիմնական գնահատականներն ու կանխատեսումները:

Այսպես, ըստ Դոնգհյուն Փարքի՝  այսօր Հայաստանի համար առաջնային հարցերից մեկը՝ Մաքսային միությանն անդամակցությունը, կարճաժամկետ հեռանկարում պարունակում է որոշակի տնտեսական ռիսկեր: Եթե երկարաժամկետ հատվածում Մաքսային միության երկրների, և, մասնավորապես, հիմնական առևտրային գործընկեր երկրի՝ Ռուսաստանի հետ տնտեսական ինտեգրացումը դրական ազդեցություն կթողնի Հայաստանի տնտեսության վրա, ապա կարճաժամկետ հատվածում, ըստ տնտեսագետի, Հայաստանը կարող է որոշակի վնասներ կրել Մաքսային միությունից դուրս այլ երկրների հետ առևտրի ոլորտում: Դոնգհյուն Փարքի գնահատմամբ՝ Հայաստանի համար Մաքսային միությանն անդամակցության գլխավոր օգուտը միության երկրների հետ առևտրի ծավալների ավելացումն է, հիմնական վնասը՝ Միություն դուրս երկրների, և, մասնավորապես, Եվրամիության երկրների հետ առևտրի սահմանափակումը: Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցության հարցում պետք է փորձի հնարավորինս հավասարակշռել վնասներն ու օգուտները և առավելագույնս օգտվել Մաքսային միության հնարավորություններից:

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության առանձնահատկություններից մեկին՝ մասնավոր տրանսֆերտներից ունեցած կախվածությանը, ապա տնտեսագետը կարծում է, որ այս ռեսուրսները Հայաստանը կարող է օգտագործել առավել արդյունավետ և ապահովել երկարաժամկետ տնտեսական աճ, եթե դրանք ուղղվեն ոչ թե ուղղակի սպառման ոլորտ, այլ երկարաժամկետ ներդրումների տեսքով իրենց տեղը գտնեն արտադրության ոլորտ: Այս դեպքում մասնավոր տրանսֆերտները կնպաստեն առավել կայուն տնտեսական աճին:

Նշենք, որ 2014 թվականի համար Ասիական զարգացման բանկը կանխատեսում է մեր երկրի ՀՆԱ-ի 4.6% աճ, 2015 թվականի համար՝ 5.0% աճ:

2013 թվականին մեր երկիրը գրանցել էր 3,5% տնտեսական աճ:

Share