Բաժին. Տնտեսական

Մանրածախ առևտուրը շարունակում է կենտրոնանալ խոշոր խաղացողների ձեռքում

Մեր երկրում մանրածախ առևտուրը շարունակում է կենտրոնանալ շուկայի խոշոր խաղացողների ձեռքում, ինչի արդյունքում ոլորտում գործող առևտրի փոքր խանութները աստիճանաբար դուրս են մղվում շուկայից:

Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով Հայաստանում գործող խոշոր խանութների թիվը կազմել է 158 (խոշոր են համարվում այն խանութները, որտեղ աշխատում է ավելի քան 30 աշխատող): Վերջիններիս բաժին է ընկել խանութների միջոցով իրականացված մանրածախ առևտրի շրջանառության շուրջ 57.7%-ը:

Համեմատության համար նշենք, որ հաշվետու ամիսներին առևտրի ոլորտում գործունեություն է ծավալել 11 հազար 264 խանութ: Դրանցից 10 հազար 176-ը գերփոքր խանութներն են (ունեն մինչև 5 աշխատող), 769-ը՝ փոքր (6-15 աշխատող), 161-ը՝ միջին (16-30 աշխատող): Գերփոքր խանութների մասնաբաժինը կազմել է 19.4%, փոքր խանութներինը` 14.5%, միջին խանութներինը՝ 8.4%:

Նշենք նաև, որ հունվար-մարտ ամիսներին մեր հանրապետությունում խանութների միջոցով իրականացված մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 192,08 մլրդ ՀՀ դրամ:

Share