Բաժին. Տնտեսական

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը գրանցել է առևտրի ֆինանսավորման 150% աճ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը գրանցել է առևտրի ֆինանսավորման ոլորտում մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալի ավելի քան 150% աճ: Այսօր այս մասին տեղեկացրել է Բանկի Առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Կամո Մարգարյանը՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած հաճախորդների մրացանակաբաշխության միջոցառման ժամանակ: Նա նշել է, որ հաշվետու ամիսներին միայն փաստաթղթային ակրեդիտիվների մասով աճը կազմել է շուրջ 300%:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 թվականին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը առևտրի ֆինանսավորման ոլորտում ապահովել է 14% աճ: Առևտրի Ֆինանսավորման եկամուտների գծով գրանցվել է 11% աճ: Բացարձակ արտահայտությամբ առևտրի ֆինանսավորման ոլորտում մատուցված ծառայությունների համախառն ծավալը կազմել է շուրջ 18 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք, որ 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, առևտրի ֆինանսավորման ծավալներն աճել էին 65%-ով, եկամուտները` 13%-ով:

Հիշեցնենք, որ արդեն շուրջ 5 տարի է, ինչ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն իր գործընկերների և միջազգային առևտրի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների համար կազմակերպում է Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի սեմինարներ, որոնց շրջանակներում քննարկվում են առևտրի ֆինանսավորման գործիքների օգտագործման ուղիները, ներմուծման հարկային դաշտի խնդիրները և հայաստանյան ընկերությունների համար առևտրի ֆինանսավորման գործիքների կարևորությունը: Սեմինարների շնորհիվ հայաստանյան ընկերությունները տեղեկանում են, թե ինչպես կարելի է առավել գրագետ գործել միջազգային բիզնեսի գործընթացներում և ունենալ առավել նվազ ռիսկեր՝ միջազգային առևտրի հարթակում:

Այսօր HSBC-ն միջազգային առևտրի ֆինանսավորման առաջատարն է աշխարհում: HSBC-ին հասանելի է  ողջ միջազգային առևտրի 77%-ը: Յուրաքանչյուր րոպե HSBC բանկը ֆինանսավորում է 1 մլն ԱՄՆ դոլարի առևտրային գործարք:

Share