Բաժին. Տնտեսական

Հայաստանի խոշոր հարկատուներ – 2014թ. առաջին կիսամյակ

2014 ֆինանսական տարվա առաջին կեսի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում են «Գազպրոմ Արմենիա», «Ղ-Տելեկոմ» ( ՎիվաՍել-ՄՏՍ) և «Ալեքս Գրիգ» ընկերությունները: Հունվար-հունիս ամիսներին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մեր երկրի պետական բյուջե է վճարել 23,96 մլրդ ՀՀ դրամ, «Ղ-Տելեկոմ»-ը՝ 10,23 մլրդ ՀՀ դրամ, իսկ  «Ալեքս Գրիգ»-ը՝ 9,60 մլրդ ՀՀ դրամ:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած՝ 2014 ֆինանսական տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին հնգյակում հայտնվել են նաև «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» (ԱրմենՏել) ընկերությունը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, որոնք պետբյուջե են վճարել համապատասխանաբար 8,59 մլրդ ՀՀ դրամի և 6,02 մլրդ ՀՀ դրամի հարկեր ու տուրքեր:

Իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Ֆլեշ» ընկերությունը (5,61 մլրդ ՀՀ դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը (5,47 մլրդ ՀՀ դրամ), «Գրանդ-Տոբակո հայ-կանադական Հ.Ձ»-ն (4,56 մլրդ ՀՀ դրամ),  «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը (2,2 մլրդ ՀՀ դրամ) և Երևանի կոնյակի գործարանը (3,67 մլրդ ՀՀ դրամ):

Այս տարվա առաջին կեսին մեր երկրի 10 խոշոր հարկատուների միասին պետական բյուջե են վճարել շուրջ 78 մլրդ ՀՀ դրամ:

Share