Բաժին. Տնտեսական

Խմիչքների արտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումները կազմել են շուրջ 19,5 մլրդ դրամ

Ընթացիկ տարվա առաջին կեսին մեր երկրում խմիչքի արտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 19,57 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ այս ներդրումները հոսել են Ֆրանսիայից, Լյուքսեմբուրգից և Միացյալ Թագավորությունից, ընդ որում՝ ֆրանսիական ներդրումները կազմել են 2,78 մլրդ ՀՀ դրամ, Լյուքսեմբուրգից հոսած ներդրումները՝ 6,35 մլրդ ՀՀ դրամ, իսկ Միացյալ Թագավորությունից հոսած ներդրումները՝ 10,52 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք, որ այս տարվա առաջին կեսին մեր երկրի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 446,3 մլրդ դրամ: Առավել մեծ ծավալի ներդրումներ են հոսել Ռուսաստանից՝  213,1 մլրդ դրամ: Օտարերկրյա ներդրումների ցուցանիշով առանձնացել են նաև Կիպրոսը՝ շուրջ 67 մլրդ դրամ, և Գերմանիան՝ 48,1 մլրդ դրամ: Ներդրումների ցուցանիշով առաջատար 10 երկրների շարքում հայտնվել են նաև Լիբանանը, Վիրջինյան կղզիները, Նիդերլանդները, Միացյալ Թագավորությունը, Հունգարիան, Կանադան և Ֆրանսիան:

Նշենք, որ 2013 թվականին մեր երկրի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել էր 597,4 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել էր 20.5%-ով: Միայն ուղղակի ներդրումների ծավալը կազմել էր 271,2 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով 52.2%-ով:

Share