Բաժին. Տնտեսական

Հունվար-օգոստոսին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.1% աճ

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.1% աճ, որին առավել նպաստել են ծառայությունների և առևտրի ոլորտները: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին մեր երկրի բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 695,76 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 6.2%-ով: Միևնույն ժամանակ, առևտրի շրջանառությունն աճել է 5.7%-ով և կազմել 1423,61 մլրդ ՀՀ դրամ:

Արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 799,21 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճելով 0.9%-ով:Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 4.9%-ով և կազմել 482,93 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության համախառն ծավալը կազմել է 198,37 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 0.4% աճ:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին մեր երկրում գնաճը կազմել է 3.1%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 109.6%:

Share