Բաժին. Տնտեսական

«Տաշիր»-ը Երևանում կիրականացնի $40 մլն-ի ներդրում և կկառուցի նոր առևտրի կենտրոն

Երևանում կկառուցվի առևտրի և զվարճանքի նոր կենտրոն. ռուսական «Ռիո» ցանցը որոշել է մուտք գործել Հայաստանի շուկա: Այս մասին տեղեկացնում է ռուսական մամուլը:

Կենտրոնը կկառուցվի Արաբկիրում` Քոչար-Փափազյան խաչմերուկի և Սարալանջի փողոցի միջև ընկած տարածքում: Կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի մոտ 21 հազար քմ: Կառուցման նախագիծը կիրականացնի և կկառավարի ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը՝ սեփական միջոցներով: Ներդրումների ծավալը կկազմի 40 մլն դոլար:

Նշվում է, որ ներդրումային նախագիծն ադեն 50%-ով պատրաստ է: Կենտրոնի բացումը նախատեսվում է արդեն հաջորդ տարվա վերջ:

«Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնների ցանցը Ռուսաստանում խոշորագույններից մեկն է: Այն ներառում է 20 խանութ, որոնք գործում են Ռուսաստանի 16 քաղաքում:

Սպասվում է, որ Երևանի «Ռիո» կենտրոնում տարածքներ կհատկացվեն շուրջ 100 վարձակալների, որոնք կներկայացնեն ոչ միայն ռուսական և միջազգային, այլև հայաստանյան բրենդներ: Դրանց շարքում կլինեն սուպերմարկետ, «Սինեմա սթար» կինոթատրոնը և Play Lab մանկական զվարճանքի կենտրոնը:

«Տաշիր» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1990-ական թվականներին և ներդրումային ծրագրեր է իրականացնում շինարարության, էներգետիկայի և անշարժ գույքի ոլորտներում: Խումբն իր մեջ ընդգրկում է շուրջ 200 ընկերություն: «Տաշիր գրուպ»-ի աշխատակիցների թիվը հասնում է 45 հազարի:

Այս տարի «Տաշիր գրուպ» ընկերությունների խումբը Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր (ոչ հրապարակային) ընկերությունների վարկանիշում 55-րդն է: Forbes ամսագրի գնահատմամբ՝ 2013 թվականի արդյունքներով «Տաշիր» խմբի հասույթը կազմել է 15,3 միլիարդ ռուբլի:

Share