Բաժին. Տնտեսական

ԿԲ. Դոլարը գերգնահատված է, դրամը՝ գերարժեզրկված

Ներկայում ԱՄՆ դոլարը գերգնահատված է, ՀՀ դրամը՝ գերարժեզրկված: Պատճառը խուճապային իրավիճակն ու որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյատիվ գործողություններ են: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ նշելով, որ սպեկուլյատիվ իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժեվորվի: Միևնույն ժամանակ, ԿԲ նախագահը կոչ է արել զերծ մնալ փոխարժեքի տատանումների վրա գումար աշխատելուց:

Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Արթուր Ջավադյանը նշել է, որ ստեղծված իրավիճակի սկզբնաղբյուրը գլոբալ և տարածաշրջանային զարգացումներն են:

Ըստ ԿԲ նախագահի՝ այսօր Հայաստանի բանկային համակարգը հուսալի է և կայուն: Բանկերը կարող են կատարել իրենց բոլոր պարտավորությունները: ԿԲ-ն սահմանափակում չի դրել և չի դնելու բանկերի վրա: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ բացահայտվի, որ բանկերը հրաժարվում են սպասարկել հաշիվները և ավանդները, ԿԲ-ն կպատժի: «Եթե նման դեպքեր լինում են, մեզ անպայման տեղեկացրեք: Մեր այս պահին ունեցած ռեզերվներն ապահովում են չափից ավելը, որը նախատեսված է միջազգային պրակտիկայով: Այս պահին ունենք մոտ 3.5 ամսվա ծածկույթ. դա նշանակում է, որ արտարժույթի խնդիր այս պահին չունենք»,- ասել է Արթուր Ջավադյանը:

Share